Իրականությունը գրականությունից չտարբերող գրող է ԼԵՎՈՆՋԱՎԱԽՅԱՆԸ:
Այս գիտակցումը «Վերնիսաժ» ժողովածուի անկանխակալ ընթերցման ընթացքում կարող է ունենալ յուրաքանչյուրը, ով չի ճանաչում նրան. ով ճանաչում է հպանցիկ, կցանկանա ճանաչել: Բայց, իզուր. ինքն իրեն արդեն ներկայացրել ու երբեմն ինքնասարկազմով բնութագրել է այնպես, ինչպես իր համարձակության աստիճանն ու պոռթկումներն են թույլ տալիս, նույնիսկ թույլատրելիության սահմանից այն կողմ:
«Պատմությունը գրելիս կամ ընթերցելիս մենք անվերջ մտնում ենք տեսարանի և ամփոփման մեջ, հետո դուրս ենք գալիս» (Լևոն-Զավեն Սյուրմելյան): Իսկ որպես ընթերցող չգիտակցելու հանգամանքը մտերմավարության արդյունք է: Իսկապես, որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում գրողի ինքնագրության ճանապարհը, և որտե՞ղ է պատմական որոշակի ժամանակաշրջան շրջանառվում` շարժելով վերնիսաժյան (և ոչ միայն) բարքերի թափանիվը:
Մի (կամ իր) կյանքի պատմություն գրառող մարդու տեսակը պարզապես ունակ չէ չգրելու: Կերպավորած մարդկային յուրօրինակ տիպերից յուրաքանչյուրը նշանավոր է միայն իր ընկալումներով: Գրողը գրեթե ոչինչ չի ավելացնում նրանց խոսքին, պահվածքին, նրանց հետ հարաբերություններում ինքն անմիջնորդ ներկայությամբ բացօթյա թատերախաղ է «կազմակերպում». բեմադրիչի իր ունակությունը բավարարում է, որ ամեն մեկը յուրովի ներկայանա, և գրողի պատումը միախառնվում է նրանց ասելիքին, ու գրողական լսելիքը վավերագրորեն (գեղարվեստապատում) արձանագրում է:
Էականն այն է, որ իրենք` «հերոսները», որոնք գրողի միջավայրից են, չեն նկատում այն ամենը, ինչը, Ջավախյանի ուշադրությունից չվրիպելով, դառնում է գիր կամ արծաթագիր։ Ընդհանրապես, արծաթի, արծաթագրի, արծաթավաճառի որակումները խաղարկային հիմք ունեն: Իրականության արծաթասիրական նկարագրի խորթության նկատմամբ գրողի ունեցած վերաբերմունքը ելակետային է այնքանով, որքանով «ուրիշները արծաթով հոգի են վաճառում, ես արծաթ եմ վաճառում, որ հոգիս պահեմ»: Օրվա բարքերի անսեթևեթ ընկալման և ներկայացման գրողական ջանադրությունը նկատելի է ժողովածուի պատմվածքներում, մանավանդ երբ գրողը ժամանակագիր է և առնվազն պետք է իր տեսադաշտն ունենա: Այլ բան, որ մտահորիզոնն է որոշապես ընդլայն և աննշան թվացող երևույթների մեջ, այս կամ այն մարդու հետ այնքան էլ աչքի չզարնող առտնին հարաբերություններում հանկարծ երևակվում են վերջին շուրջ երեսուն տարիների արդեն պատմական համարվող իրողություններ. «Մենք պատերազմ չգնացինք` պատերազմն եկավ մեզ մոտ: Մինչ այդ խաղաղություն էր ու երջանկություն»:
Ժամանակին, ինչո՞ւ չէ, հիմա էլ, պատեհ-անպատեհ հիշատակվող աղմկահարույց «Քիրվա» պատմվածքը եթե խորհրդային ժամանակներում իր անխռով հանգիստը վայելողի կարոտաբաղձության թույլ ճիչ էլ համարենք (երբ դրկից ժողովուրդների կյանքում պատերազմը չէր ներխուժել), ապա այս դիտարկումը ոչ միայն մակերեսային, այլև ոչ խորքային կթվա: Քանի որ գրողը «զոհ է գնացել» իր ազնվամտությանը։ Քանի՞սն են այսպես մտածում, և նրանցից ովքե՞ր են բարձրաձայնում. սրանք անպատասխան հարցեր են, վստահաբար, և այդպես անպատասխան, բայց հասցեագրված կմնան, քանի դեռ «խաղաղ պատերազմը» չի ավարտվել: Խնդիրն այն է, որ Ջավախյանը իրեն չի ներում, երբ… իր մտահոգությունը «ծածուկ է պահում», կարծես ինչ-որ բան «գողացած», սեփականած լինի: Ի վերջո, Աշոտի ու Հասանի պատմությունը գրողի երևակայության արդյունք չէ: Նրանց նախատիպերին ավելի ընդգծուն-մտերմավար հարաբերություններում շատերն են հանդիպել, բայց արդյո՞ք ազգային սնապարծությունը թույլ տվել է սահմանազանց լինել: Եվ Ջավախյանը վերստին ժամանակագրի իրեն վերապահված դերում է։
Պատմությունը կերտում ենք նաև մենք` ժամանակակիցներս: Այսօրվա կյանքը անցյալում իրականանալու է մեր միջոցով: Լևոն Ջավախյանն այս բանի գիտակցումն ունենալով է գրում` ինչին տեղյակ է, ինչը իրեն հասու է, և ինչը իր պատումներում ներկայացնում է: Գրողը դույզն-ինչ վախվորած-վերապահ պետք է ապրի, ստեղծագործի. Ջավախյանը վախ` ներքին, ահագնացող, ունի, որ ուրիշները կարող են ստել, իրականությունը չներկայացնել, այնպես, ինչպես կա, ինչպես ինքն է տեսել, ապրել, վերապրել, քանի որ գրող է` օժտված այլ, անիմանալի զգայարանով: Մանավանդ երբ իր ձեռքերի քուրայում է շունչ առնում գրելիքը` կավածեփ այն մանրակերտը, որ հետո պետք է դառնա խոսք ու զրույց, պատում` անգունազարդ, իրականությունը պատկերող. «Պատմվածքներիս լավագույն մասը քայլելիս եմ գրել»: Վերստին գրողի ինքնախոստովանանքի երկսայրի, ոչ երևակայածին պոռթկո՞ւմ, զտարյուն ապրո՞ւմ, թե՞ պարզապես ինքնահատուկ անսեթևեթ կեցվածք (Ջավախյանը հազվադեպորեն զուրկ է գրողական կեցվածքից): Չգիտեմ, իսկապես, այն, ինչ չգիտեմ, չեմ կարող վերագրել-հավելագրել գրողին, դա վտանգավոր ու վնասաբեր է: Երբ ինքը գրողաբար չի կեղծում, չի ստեղծում իրեն չվերաբերող տեսարաններ ու մարդկանց վրա էլ չի «բարձում» ավելորդ բեռներ, որոնք նրանցը չեն և երբևէ չեն էլ եղել, գողոնն էլ վերնախավային պատկանելություն է ունեցել։ Իր գիրը ձեռքբերովի չէ, իր` քրտնածից դուրս ելած է։ Սա` ի միջի այլոց, որովհետև. «Արծաթը սևանո՞ւմ է» հարցն ունի մեկ հիմնավոր պատասխան. «Սևացող արծաթ չկա»։ Ջավախյանի արծաթը (իմա` ազնվությունը) գրեթե չի սևանում, կամ գուցե ես չեմ ուզում սևացած տեսնել: Մարդկայնորեն ինչ-ինչ բաներ կարելի է անտեսել, բայց գեղագիտորեն «չտեսնել»` տուրք տալ` հասու չլինելով իրականության պերճանքի ու թշվառության գոյամարտին, նա ի զորու չէ, բնույթով այլ տեսակ լինելու պատճառով։ Որովհետև բնության շնչառությունը զգալու նրա կերպը` անխարդախ բնականությամբ ապրելու նրա կերպարից` գրողի, թե մարդու, ինձ համար այլևս կարևոր չէ. ո՛չ տարբերվում է, ո՛չ առանձնանում: Ահավասիկ Ջավախյանի սկզբունքը` իրենից անկախ գործող, ու ինքն էլ չգիտի գրելու իր արարքը միայն ինքնավնա՞ս է, գուցե հասարակությունից առանձնանալու միջո՞ց, երկու դեպքում էլ ցանկությունն ազնիվ է։ Իսկ վերնիսաժյան ընթերցումները, տեղանքային նշանակություն ունենալով, ավելի տարածական են, քան կենթադրենք:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ